Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը։

Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը։

«Այսօր՝ մարտի 20-ին, Ֆրանկոֆոն տարածքում և դրա սահմաններից անդին պաշտոնապես մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը՝ աշխարհի տարբեր անկյուններում համախմբելով ֆրանսախոսներին և Ֆրանկոֆոնիայի առանցքում գտնվող արժեքները կրողներին։

Անմասն չմնալով այս գեղեցիկ ավանդույթից՝ Հայաստանի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների, համալսարանների, դպրոցների, թատրոնների, գրադարանների և մշակութային կենտրոնների ջանքերով տարեցտարի բազմապատկվում և բազմազանեցվում են ամբողջ երկրի տարածքում կազմակերպվող միջոցառումները։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ դրանց շարժիչ ուժն ու առանցքը հայ երիտասարդությունն է։

Խորհրդանշանական է, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշվում է «Խաղաղության սերունդ․ երիտասարդության ներդրումը հանուն ավելի խաղաղ աշխարհի» խորագրի ներքո՝ ավելի քան արդիական և առանցքային թեմա մարտահրավերների բախվող ֆրանկոֆոն ընտանիքի, այդ թվում՝ մեր երկրի՝ Հայաստանի համար։ Այդպիսով, կարժևորվի և կընդգծվի երիտասարդների ներուժի կարևորությունը՝ խաղաղության հաստատման և ամրապնդման գործընթացներում:

Երկխոսության, համերաշխության և բազմազանության նկատմամբ հարգանքի միջոցով խաղաղության հաստատման և ամրապնդման գործում առանցքային դեր են խաղում մշակույթն ու սպորտը: Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը: Մեր երկիրը ﬔծ եռանդով և խանդավառությամբ պատրաստվում է՝ Խաղերի հոբելյանական 10-րդ թողարկումը ֆրանկոֆոն մեծ ընտանիքի ակնկալիքներին համահունչ լավագույնս կազմակերպելու նպատակով:

Համոզված եմ, որ Ֆրանկոֆոնիայի երկամսյակն այս տարի նույնպես լայն արձագանք կգտնի հայ հասարակության շրջանում՝ առավել ամրապնդելով ֆրանսերենի և ֆրանկոֆոն արժեքների դիրքերը Հայաստանում:

Բարի երթ եմ մաղթում

Հայաստան

Հայաստանը աշխարհի հնագույն պետություններից մեկն է՝ ունենալով ավելի քան 3500 տարվա պետականության պատմություն։ Այն հայ ժողովրդի պատմական հայրենիքն է, որտեղ ձևավորվել են նրա լեզուն, գրականությունը և առանձնահատուկ քրիստոնեական մշակույթը՝ Արարատ լեռան և Էջմիածնի Մայր Տաճարի խորհրդանիշներով։

Ֆրանկոֆոնիա

«Ֆրանկոֆոնիան» միջազգային կազմակերպություն է, որը միավորում է ֆրանսերեն լեզվով խոսող երկրներն ու կառավարությունները։ Այն հիմնադրվել է 1970 թվականին՝ ֆրանսերեն լեզվի, մշակույթի տարածման և անդամ երկրների միջև համագործակցության խթանման նպատակով։ Ներկայումս այն ներառում է ավելի քան 80 պետություն և կառավարություն, որոնք միասին ներկայացնում են ֆրանկոֆոն համայնքի մշակութային ու քաղաքական դաշինքը։

Ֆրանկոֆոնիայի խաղեր

«Ֆրանկոֆոնիայի խաղերը» (Jeux de la Francophonie) ֆրանսախոս երկրների մշակութային և սպորտային մեծ միջոցառում է, որը կազմակերպվում է 1989 թվականից՝ ի պատիվ ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի։ Այն միավորում է աշխարհի տարբեր ծագման երիտասարդ արտիստներին և մարզիկներին՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը և խաղաղությանը։