ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեսաուղերձով անդրադարձել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական պատգամավորների և նախարարների հայտարարություններին ու պահվածքին։
Պատգամավորի ձևակերպմամբ՝ իշխանության ներկայացուցիչների այսօրվա հռետորաբանությունն ու ցինիկ պահվածքը փաստում են միայն մեկ բան՝ նրանք իրականում չեն ընտրվել և չեն հաղթել։
«Հաղթողը նման կեցվածք չի դրսևորում, սա հաղթողի պահվածք չէ։ Սա ընտրությունները կեղծած, մարդկանց քվեն գողացած և բռնաճնշումներով իրենց իշխանությունը վերարտադրելու փորձ կատարած ուժի պահվածք է, և իրենք այս մասին շատ լավ գիտեն»,- նշել է Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը կոչ է արել ՔՊ-ական պատգամավորներին ու նախարարներին «տիրություն անել» իրենց խոսույթին և հիշել, որ իշխանությունն ունի կուրացնելու հատկություն.
«Դուք վաղուց եք անցել այդ սահմանները։ Ու ամեն անգամ ինչ-որ բան խոսելուց առաջ միշտ հիշեք՝ որևէ իշխանություն հավերժ չէ, հատկապես՝ ձեր իշխանությունը»։