Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանին հաջողվել է բարենպաստ միջավայր ստեղծել ստարտափների զարգացման և ներդրումների ներգրավման համար, սակայն այսօր համաշխարհային փոփոխությունները պահանջում են նախկին մոտեցումների ամբողջական վերանայում։ Այս մասին հայկական առաջին ռազմաարդյունաբերական, նորարարական և ինժեներական RISE-2026 ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ հայտարարել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Աշխարհը փոխվել է, իսկ դրա հետ մեկտեղ փոխվել են նաև խաղի կանոնները
Նրա խոսքով՝ Հայաստանին հաջողվել է զգալի արդյունքների հասնել պետության, մասնավոր հատվածի և տեղական համայնքների համագործակցության շնորհիվ։ Տարբեր դրամաշնորհային ծրագրերի միջոցով ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում պայմաններ են ստեղծվել նոր տեխնոլոգիական ընկերությունների հայտնվելու համար։ Երկիր են եկել վենչուրային ներդրողներ, իսկ միջազգային հիմնադրամները սկսել են միջոցներ ներդնել համացանցի, բջջային տեխնոլոգիաների և այլ թվային արտադրանքների հետ կապված հայկական տեխնոլոգիական լուծումներում։
«Շուկաները բացվում էին, ընկերություններն արագ դուրս էին գալիս այնտեղ, կարողանում էին օպերատիվորեն ներդրումներ ներգրավել։ Բայց այսօր աշխարհը փոխվել է»,- նշել է Ենգիբարյանը։
Նա ընդգծել է, որ այն մոդելը, որը հաջողությամբ գործում էր դեռ մի քանի տարի առաջ, այլևս նախկին արդյունքները չի բերում։ Եթե նախկինում ստարտափը կարող էր ստեղծել բջջային հավելված, արագ դուրս գալ շուկա և հետաքրքրել ներդրողներին, ապա այժմ դա բավարար չէ։ Ներդրողներն այլևս պատրաստ չեն միջոցներ ներդնել փոքր նախագծերում։
Ստարտափներին ավելի «երկար» կապիտալ է անհրաժեշտ
Որպես ևս մեկ կարևոր փոփոխություն՝ Ենգիբարյանը նշել է հենց ներդրումային միջավայրի տրանսֆորմացիան։ Վենչուրային հիմնադրամներն աստիճանաբար կորցնում են իրենց նախկին դերը, իսկ առանցքային խաղացողներ են դառնում խոշոր կորպորացիան