Բարերար Սամվել Կարապետյանը հեռահար ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայասանի» հանրահավաքի ժամանակ։
Ինչպես հայտնի է՝ նա գտնվում է տնային կալանքի տակ ու հնարավորություն չի ունեցել անձամբ ներկա գտնվելու հանրահավաքին, ոխարենը մի խումբ համակիրների հետ իր տան բակից է հետեւել հանրահավաքին։
«Հայ ժողովրդին խոստացան խաղաղություն, բայց բերեցին 3 պատերազմ, և երեքն էլ պարտվեցին։ Հայ ժողովրդին խոստացան տարածքային ամբողջականություն, բայց կորցրեցին մեր հողերը։ Հայ ժողովրդին խոստացան արժանապատվություն, բայց այսօր հայերիս համար շատ ծանր վիճակ է, կորցնում ենք մեր ինքնությունը։
Սիրելի հայրենակիցներ, փոփոխությունները գալիս են», — ասել է Սամվել Կարապետյանը ու երաշխավորել, որ փոփոխությունները մարդիկ կզգան իրենց կյանքում, և դրանք կսկսվեն հունիսի 7-ից հետո։ Յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ կյանքով, ոչ պարզապես գոյատևելու համար։
«Հունիսի 7-ին հայ ժողովուրդը կկայացնի վերջին տասնամյակների ամենից կարևոր որոշումներից մեկը։ Յուրաքանչյուր մարդ կկարողանա հունիսի 7-ին որոշել իր գալիք սերունդների ապագան։
Պետք է մասնակցեք ընտրություններին, որպեսզի ուրիշները ձեր փոխարեն չորոշեն ձեր ճակատագիրը։ Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդն ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում, կհիշի որպես օր, երբ հայերը որոշեցին ունենալ 300000 նոր աշխատատեղ, և հայերը որոշեցին՝ պատրաստ չեն սպասարկել Ալիևի շահերը, պատրաստ չեն ընդունել տարիներով նվաստացումը, ուստի ընտրեք ազատ և «Ուժեղ Հայաստան»ը։
Ես շատ ուրախ եմ, որ այսօր տեղի ունեցավ մեր մեծ հանրահավաքը, և մենք հունիսի 7-ին անպայման հաղթելու ենք, միասին ենք հաղթելու, միասին ենք լինելու, չկասկածեք», — ասել է Կարապետյանը: