Հայաստանի դեսպանը Հունաստանում ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Հայաստանի դեսպանը Հունաստանում ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Սալոնիկի Հունական միջազգային համալսարանում (International Hellenic University) Հունաստանի ՅՈՒՆԻՍեՖ-ի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության թեմային նվիրված բարձր մակարդակի միջոցառում, որին մասնակցել են մի շարք երկրների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտային փորձագետներ։

Միջոցառմանը մասնակցել, պանելային քննարկումներից մեկը նախագահել և eլույթով հանդես է եկել Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Ինչպես տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, իր ելույթում դեսպան Մկրտչյանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին՝ ընդգծելով 2025 թվականին ընդունված «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» նոր օրենքի կարևորությունը, ինչպես նաև կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում իրականացվող ծրագրերը։

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով կազմակերպության կարևոր ներդրումը երեխաների իրավունքների պաշտպանության, ներառական կրթության, առողջապահության և սոցիալական աջակցության համակարգերի զարգացման գործում։

Ելույթի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև թվային միջավայրում երեխաների պաշտպանության, առցանց անվտանգության, ինչպես նաև ապատեղեկատվության և այլ ժամանակակից մարտահրավերների պայմաններում երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային համագործակցության անհրաժեշտությանը։

Դեսպանն առանձին անդրադարձ է կատարել Հայաստանի դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերին, աշխատանքներին, միջոցառումներին, ինչպես նաև ընդծել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ 2025-2026 ուսումնական տարին հանրակրթական համակարգում հռչակվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

Սալոնիկ

Սալոնիկը (Թեսաղոնիկե) Հունաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 315 թվականին։ Այն հայտնի է իր հարուստ պատմությամբ՝ լինելով բյուզանդական կայսրության կարևոր կենտրոն, ինչպես նաև պահպանել է բազմաթիվ հռոմեական, բյուզանդական և օսմանյան ժառանգության հուշարձաններ, ինչպիսիք են Սուրբ Դեմետրիոսի եկեղեցին և Սպիտակ աշտարակը։

International Hellenic University

«Միջազգային Հելլենական համալսարանը» (International Hellenic University) Հունաստանի առաջին պետական համալսարանն է, որն ամբողջությամբ դասավանդում է անգլերեն լեզվով: Այն հիմնադրվել է 2005 թվականին և գտնվում է Սալոնիկ քաղաքի մոտակայքում՝ նպատակ ունենալով զարգացնել միջազգային կրթական համագործակցությունը: Համալսարանը հայտնի է իր բազմամշակութային միջավայրով և տնտեսագիտության, տեխնոլոգիաների ու հումանիտար գիտությունների ոլորտներում առաջարկվող ծրագրերով:

Հունաստան

Հունաստանը հարավեվրոպական երկիր է, որը հայտնի է իր հին քաղաքակրթությամբ, փիլիսոփայությամբ, ժողովրդավարության ծննդավայր լինելով և հարուստ մշակութային ժառանգությամբ։ Այն եղել է հունական դիցաբանության, օլիմպիական խաղերի և անտիկ թատրոնի կենտրոնը, իսկ նրա պատմությունը ներառում է Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունը, Բյուզանդական կայսրությունը և 1821 թվականի անկախության պատերազմը։ Այսօր Հունաստանը զբոսաշրջության հայտնի վայր է՝ իր գեղատեսիլ կղզիներով, ակրոպոլիսներով և ջերմ միջերկրածովյան կլիմայով։

Հայաստան

Հայաստանը Հարավային Կովկասում գտնվող պատմական երկիր է, որը հայտնի է իր հնագույն քաղաքակրթությամբ և քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը ընդունելով (մ.թ. 301 թ.): Այն ունի հարուստ մշակութային ժառանգություն՝ ներառյալ եզակի ճարտարապետություն, խաչքարեր և հայկական այբուբենը, որը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից: Պատմության ընթացքում Հայաստանը բազմիցս ենթարկվել է օտար տիրապետության, սակայն պահպանել է իր ազգային ինքնությունը և ավանդույթները: