Ծաղիկներ, ծափեր ու «ես քեզ սիրում եմ» բացականչություններ. Ինչպես անցավ Լարա Ֆաբիանի համերգը Երևանում

Ծաղիկներ, ծափեր ու «ես քեզ սիրում եմ» բացականչություններ. Ինչպես անցավ Լարա Ֆաբիանի համերգը Երևանում

15 տարի անց ֆրանսիացի լեգենդար երգչուհի Լարա Ֆաբիանը վերադարձավ Երևան՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմ. երեկ՝ հունիսի 8-ին, համալիրի լեփ-լեցուն դահլիճում կայացավ երգչուհու երևանյան մեծ մենահամերգը:

Ֆաբիանը կատարեց իր երգացանկի ամենահայտնի ու սիրելի երգերը՝ հանդիսատեսին պատմելով դրանց ստեղծման ու իր կյանքում այդ երգերի կարևորության մասին: Երգչուհու հզոր ձայնի յուրաքանչյուր հնչյուն փշաքաղեցնող էր ու արձագանքում էր հանդիսատեսի մարմնով: Նրա կատարումներն ուղեկցվում էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Նվագախմբի նվագակցությունն էլ ավելի կենդանի ու ապրեցնող էր դարձնում յուրաքանչյուր նոտա:

Երգչուհու հանդիսատեսը լուռ ու ուշադիր լսում էր նրա կատարումները, ամեն երգից առաջ և հետո ոգևորում բուռն ծափողջույններով, «ես քեզ սիրում եմ» արտահայտություններով ու ծաղկեփնջերով: Ավելի բախտավորներին հաջողվեց հենց բեմի մոտ լուսանկարվել սիրելի արտիստի հետ, իսկ վերջինը ժպտում էր ու փորձում հետաքրքիր կեցվածք ընդունել գեղեցիկ լուսանկարների համար:

«Ուրախ եմ լինել Հայաստանում և հանդիպել այսքան բարեհամբույր մարդկանց, ովքեր ստիպում են քեզ տանը զգալ»,-կիսվեց նա:

Ֆաբիանը համերգին ընտրել էր հայ դիզայների զգեստ, որի մասին կպատմենք ավելի ուշ:

Համերգը եզրափակվեց ամենասպասված հիթերով՝ Je Suis Malade, Je t’aime և Adagio, որոնք տարիներ շարունակ համարվում են երգչուհու այցեքարտը:

Համերգը կազմակերպել էին Mezzo Production-ը և Eventpro ընկերությունը:

Հավելենք, որ Լարա Ֆաբիանը Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ելույթ էր ունեցել նաև 2011 թ-ին՝ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում:

Երևան

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և աշխարհի ամենահին անընդմեջ բնակեցված քաղաքներից մեկը, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին՝ Արգիշտի Ա արքայի կողմից՝ որպես Էրեբունի ամրոց։ Այն մեծ դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ՝ դառնալով մշակութային, տնտեսական և քաղաքական կենտրոն, որտեղ պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ, ինչպիսիք են Կասկադը, Մատենադարանը և Հանրապետության հրապարակը։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գտնվում է Երևանում և հանդիսանում է Հայաստանի խոշորագույն մշակութային ու սպորտային կենտրոններից մեկը։ Այն կառուցվել է 1983 թվականին և սկզբում կոչվել է «Հրազդան» մարզահամերգային համալիր, իսկ 1999 թվականին վերանվանվել է քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի պատվին։ Համալիրը հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետությամբ և ընդունել է բազմաթիվ համերգներ, սպորտային միջոցառումներ ու միջազգային ֆորումներ։

Հայաստան

Հայաստանը հնագույն երկիր է Հարավային Կովկասում, որը հայտնի է իր հարուստ պատմությամբ և մշակութային ժառանգությամբ: Այն համարվում է աշխարհում առաջին երկիրը, որը պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին: Հայաստանը պահպանել է բազմաթիվ պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Էրեբունի ամրոցը, Գառնիի հեթանոսական տաճարը և Էջմիածնի Մայր Տաճարը, որոնք վկայում են նրա դարավոր մշակութային զարգացման մասին: